Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեր երկիր դոլար ավելի քիչ է գալիս, քան դուրս հոսում»

«Մեր երկիր դոլար ավելի քիչ է գալիս, քան դուրս հոսում»
11.09.2015 | 00:22

Հայաստանի տնտեսությունը լավ օրեր չի ապրում: Գնալով առավել դժվարանում է տնտեսական աճ ապահովելը, հատկապես աշխարհաքաղաքական վերջին զարգացումների պայմաններում: Այս ամենին գումարվում է տարադրամի փոխարժեքի շուրջ ստեղծված քաոսը: Դոլար-դրամ «մենամարտի», տնտեսության խնդիրների շուրջ «Իրատեսը» զրուցեց տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

-Նախորդ տարվա վերջին դոլարի կտրուկ արժևորումը տնտեսությունը կաթվածահար արեց: Հիմա ևս դրամը գրեթե նույն արագությամբ արժեզրկվում է: Որոշ գնահատականներով նույն իրավիճակը կրկնվելու է: Ո՞րն է Ձեր կանխատեսումը:
-Համաձայն չեմ, թե նույնը կրկնվում է, քանի որ նախորդ դեկտեմբերին ցայտնոտային տրամադրություններ էին, շուկայում խուճապ կար: Նույնը չի կարելի ասել այսօրվա համար, որովհետև իրավիճակն այժմ վերահսկվում է: Այլ բան է, որ վատատեսական սպասումների արդյունքում դոլարի պահանջարկը մեծանում է: Նախկին վիճակի հետ համեմատած այսօր որքան և երբ ցանկանաս, կարող ես դոլար գնել:
-Այդուհանդերձ, ամեն օր դոլարը նոր «շեմ» է հաղթահարում, ինչո՞ւ, ի՞նչ գործոններով է դա պայմանավորված:
-Դոլարը մեզ համար մի յուրահատուկ ապրանք է, որը Հայաստանում չի արտադրվում, իսկ գինը պետք է ձևավորվի պահանջարկի և առաջարկի հիման վրա: Այսինքն, եթե դոլարի առաջարկի ձևավորման գործոններն ավելի փոքր են, քան պահանջարկինը, ապա դոլարի գինը պետք է բարձրանա և հակառակը: Հիշյալ հանգամանքին նպաստում են նաև տարվա այս ժամանակահատվածը և համաշխարհային զարգացումները, երբ դոլարի պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը: Այլ խոսքով, մեր երկիր դոլար ավելի քիչ է գալիս, քան դուրս հոսում: Դոլարի կուրսի տատանումները նորմալ երևույթ են, բայց դոլարի նկատմամբ այսչափ մեծ ուշադրությունը խոսուն ցուցանիշ է, որ Հայաստանում դոլարիզացիան շատ մեծ է: Դոլարի կուրսով «ապրող» մարդիկ այնքան շատ են, հատկապես այդ տատանումների վրա «խաղացողները», որ դա իրավիճակին լրացուցիչ լրջություն է հաղորդել: Ավելին, մարդիկ, ովքեր դրամով եկամուտներ են ստանում ու ծախսեր կատարում, այս իրավիճակում սկսում են դոլար գնել` լրացուցիչ մեծացնելով տատանումների ալիքը:
-Դրսի գործոնները ևս կարևորեցիք, ավելի կմանրամասնե՞ք` ինչ նկատի ունեիք:
-Հայաստանը փոքր տնտեսություն ունեցող երկիր է և չի կարող համաշխարհային շուկային որևէ բան առաջարկել կամ գնել այն քանակով, որ ազդի այդ «ապրանքի» համաշխարհային գնի վրա: Հետևաբար Հայաստանը, լինելով փոքր, բաց տնտեսություն ունեցող երկիր, պետք է հարմարվի, համակերպվի այն գներին, որոնք ձևավորվել են համաշխարհային շուկայում: Սա վերաբերում է նաև դոլարի կուրսին: Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային ֆինանսական շուկայում, արագ տեղափոխվում է նաև Հայաստան: Դոլարի արժևորման արտաքին գործոնները մի քանիսն են: Նախ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառում, նավթի գների նվազում, որի հանրագումարում դոլարի կուրսն արժևորվում է բոլոր երկրներում: Իհարկե, Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն են ունենում Ռուսաստանում դոլարի արժևորումը և մի կարևոր հանգամանք ևս: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներն իրենց խնայողությունները փրկելու համար Հայաստանից դոլարի մեծաքանակ գնում են կատարում ռուբլիով: Մասնավորապես, այս վերջին գործոնով էր պայմանավորված դեկտեմբերյան խուճապը, երբ դոլարի մեծ արտահոսք եղավ: Հետևաբար ռուսական ռուբլու նկատմամբ դոլարի արժևորումը ուղիղ անդրադառնալու է մեր տնտեսության վրա, ավելին, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և բազմաթիվ թելերով մենք կապված ենք Ռուսաստանի տնտեսությանը: Ռուսաստանում «փռշտում» են, մեզ մոտ լսվում է:
-Փոխարժեքի նման «ցնցումներն» ի՞նչ վնասներ են բերելու մեր տնտեսությանը:
-Ցավոք, Հայաստանի տնտեսությունը չի կարող այդ ցնցումներից զերծ մնալ և լուրջ «դիմադրություն» ցուցաբերել: Մեր տնտեսությունը չափազանց դոլարիզացված է, հանրության գերակշիռ մասին հետաքրքրում է, թե ամեն օր ինչ է լինելու դոլարի կուրսի հետ: Սա, թերևս, ունի օբյեկտիվ հիմք, քանի որ մի մասը դոլարային եկամուտներ է ստանում դրսից, մյուսները մտահոգված են, քանի որ փոխարժեքի տատանումներն ազդելու են ապրանքի գների վրա, ոմանք էլ խնայողությունները պահում են դոլարով: Այսինքն, բոլորին անխտիր հուզում է, թե ինչ է կատարվում փոխարժեքի շուկայում: Երբ այսպիսի տատանումներ են լինում, սպեկուլյանտների համար պարարտ հող է ստեղծվում, որոնք հաճախ «խաղում են» նաև խուճապի վրա: Որքան բարձր լինի երկրի դոլարացման մակարդակը, այնքան մեծ է լինելու տատանումների ազդեցությունը տնտեսության վրա:
-ՌԴ ղեկավարը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում պետք է հրաժարվել դոլարից: Ընդհանրապես մեզ պես երկրները կարո՞ղ են հրաժարվել դոլարի գործածումից:
-Դա մեկ ակտով արվող գործողություն չէ: Դոլարից հրաժարվելը բարդ գործընթաց է ենթադրում: Նախ դոլարը միջազգային հաշվարկներում ընդունված արժույթ է: Աշխարհի բոլոր երկրներն ունեն դոլարով տրված, վերցրած միջպետական վարկեր, ու միանգամից հրաժարվել դոլարից, այն համարել «բոբո», հնարավոր չէ: Ինչ վերաբերում է հնչած առաջարկին, ենթադրենք ԵԱՏՄ-ում առևտուրն անում ենք ռուբլիով, բայց չէ որ մենք նաև առևտուր անում ենք ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլև ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ԱՊՀ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Պետք է, չէ՞, դոլարային պահուստներ ունենալ, որպեսզի կարողանանք և դոլարի պահանջարկը բավարարել, և առաջարկ ձևավորել: Մենք ունենք բազմաթիվ միջազգային, միջպետական վարկեր, որոնք դոլարով են: Մի օրում չենք կարող հրաժարվել դոլարից: Նախ չունենք այդ ռեսուրսը, ունենալու պարագայում էլ չենք կարող: Ի վերջո, եթե անգամ Ռուսաստանն անցնի ռուբլու հաշվարկներին, նրանց մոտ դոլարի պահանջարկը զսպելու գործողությունները շատ ավելի «կոպիտ» են: Նրանք պատժամիջոցներ են նախատեսում այն ձեռնարկություններին, որոնք դոլար են գնում «անտեղի», այսինքն երբ իրենց հարկավոր չէ: Սա ուղղակի պահանջարկը կացնով զսպելու տարբերակ է: Այո, ԵԱՏՄ-ի կազմում կարող ենք ռուբլով առևտուր անել, բայց դրանից դուրս անգամ Ռուսաստանը չի կարող դոլարից հրաժարվել:
-Փաստորեն, Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, որոշ երկրների հետ հարաբերվում է երկու «ճակատով»` տնտեսապես «խեղճացնելով», ապա «քաղաքական» հարվածներ տեղալով: Ասել է` տվյալ պահին ԱՄՆ-ը դոլարը ևս «զենք» է դարձրել:
-ՌԴ-ն ծնկի բերելու, տնտեսությունը թուլացնելու համար դոլարը շատ լավ գործիք է: Իսկ Հայաստանը Ռուսաստանի տնտեսությանը շատ է կապված, և այդ ազդակները մենք էլ ենք ստանում: ՌԴ տնտեսությունը նման է թմրամոլի, որը «նստած» էր գազի և նավթի բարձր գների վրա: Նրան այսքան ժամանակ անգամ չի հաջողվել տնտեսությունը դիվերսիֆիկացնել, նավթից ու գազից ստացած եկամուտները ներդնել տնտեսության մյուս ճյուղերում՝ բարելավելով տնտեսության կառուցվածքը: Այս ամենը ԵՄ-ն ու ԱՄՆ-ը շատ լավ գիտեն և հրաշալիորեն օգտագործում են:
-Ելքը ո՞րն է, ինչպես դիմակայել Արևմուտքի պատժամիջոցներին, որոնց անմիջական ազդեցությունը նաև Հայաստանն է զգում:
-Տնտեսության մեջ այսպիսի զարգացումները, դժբախտաբար, զուտ տնտեսական «ծագման» չեն լինում: Այս ամենում կան նաև քաղաքական երանգներ: Կարծում եմ, ելքը ԵՄ-ի հետ փոխհամաձայնության մթնոլորտ ձևավորելն է, թեև Ռուսաստանի իշխանությունների մոտ «զիջելու» նշաններ չեմ տեսնում:
Ընդհանրապես ԱՄՆ-ին հաջողվել է աշխարհին պարտադրել իրենց դոլարը և դրանով լուծել և տնտեսական, և քաղաքական բազում հարցեր: Խոսքը փոքր երկրներին չի վերաբերում, այլ գերտերություններին, ինչպիսին ՌԴ-ն է, Չինաստանը, որոնց վրա միայն դոլարի միջոցով ԱՄՆ-ն ապահովում է ազդեցության հսկայական ռեսուրս: Իսկ փոքր երկրները դատապարտված են այդ ազդեցության հետևանքները կրելուն:
-Ի դեպ, Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է ինչ-որ առումով Չինաստանի համար հետաքրքիր լինել:
-Չպետք է մոռանալ, որ խոսքը փոքր տնտեսություն ունեցող երկրի մասին է, որը տնտեսապես աշխարհի ոչ մի խոշոր պետության համար հետաքրքիր չէ: Դրա համար մենք պետք է համակերպվենք, որ համաշխարհային տնտեսությունում կատարվող երևույթները ալիքի պես անցնելու են նաև Հայաստանով:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ